Կոմերցիոն բանկերի համակարգով արտերկրից ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումները հունվար-սեպտեմբերին կրճատվել են 426 մլն դոլարով (կամ 32,2%-ով)՝ դրամական փոխանցումների մասով բնակչության ընդհանուր եկամուտը կրճատվել է մեկ երրորդով: Բազմաթիվ ընտանիքներ ընդհանրապես զրկվել են եկամտի աղբյուրից՝ աշխատանքային միգրանտների՝ Ռուսաստան մուտքի արգելքի պատճառով: «Ռուսական» դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվել են 419,2 մլն դոլարով կամ 38 %-ով: Նույնիսկ հսկայական անկման պարագայում փոխանցումների ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը 76 % է: Դրամական փոխանցումների հոսքը կրճատվել է նաև այլ երկրներից, բացառություն է միայն ԱՄՆ-ը, որտեղից դրամական փոխանցումներն աճել են 12,7 մլն դոլարով կամ 17,2 %-ով:
Հունվար-սեպտեմբերին ստացված դրամական փոխանցումների գումարը համարժեք է 428,6 մլրդ դրամի, և տարեկան կտրվածքով կրճատվել է գրեթե 115 մլրդ դրամով: Անկումն ավելին կլիներ, եթե Հայաստանում դոլարը չամրապնդվեր: Դրա հետևանքով փոխանցումների հաշվարկային գումարը հաշվետու ժամանակահատվածում համեմատաբար աճել է՝ 60 մլրդ դրամով: Դրամական փոխանցումների նվազման պատճառով բնակչության վճարունակության կրճատումը հանգեցրել է տնտեսության համար բացասական հետևանքների: Մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները հունվար-սեպտեմբերին կրճատվել են գրեթե 40 մլրդ դրամով (կամ 4 %-ով):